Մեզ մոտ մարդիկ քաղաքականությունից են խոսում, կարդում են քաղաքական թերթեր, օրվա զգալի մասը սոցցանցերում են, մեզ մոտ մարդիկ մտազբաղ դեմքերով անցնում են գրախանութների կողքով, որովհետև հացի խնդիր ունեն կամ գիրք չեն սիրում: Կամ կամ է:
Ըստ վիճակագրության` ընթերցողների թիվն ավելացել է: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ հստակեցնում է. «Ավելացել է գրքերի ոչ թե վաճառքի ցուցանիշը, այլ տեսականին»: «Ամենից շատ վաճառվում են մանկակա՞ն գրքերը» հարցին ի պատասխան ասում է. «Լավ գրքերը: Տպավորություն ունեմ, որ մեզ մոտ ամենաշատը գնում և կարդում են Ջորջ Օրուել, Պաուլո Կոելյո: Հայ հեղինակներից` Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: Շարունակում է պահանջված մնալ Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը», մշտական «հիթ» է Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»»:
Եթե գրքերը տպագրվեն մեծ տպաքանակով, կլինեն ավելի էժան ու մատչելի ընթերցողի համար, զուգահեռաբար գուցե ավելանա նաև ընթերցողների թիվը: Կա նման կարծիք, բայց Արքմենիկ Նիկողոսյանը համաձայն չէ: Նկատում է`Հենրի Միլերի վեպը էժան չէ, բայց գնում են, և կան 1000- դրամանոց գրքեր, որ չեն գնում. «Իմաստ չունի արհեստական տպաքանակ ստեղծելը, որովհետև հրատարակիչն իր գործն է անում, գրողն` իր, բայց, ըստ էության, դաշտը կանոնակարգում է ընթերցողը: Գիրքը գնելով, կարդալով են ստեղծվում հեղինակություններ»:
Հարց է առաջանում` եթե ընթերցողը նախապատվությունը տալիս է օտարագիր գրականությանը, հա՞յ գրողի մեղքն է:
«Գրողի մեղքը չէ,- ասում է գրաքննադատը:- Եթե պոտենցիալ չտեսնեինք,
ժամանակակից գրականություն չէինք տպագրի ու ներկայացնի շուկայում: Այլ հարց է, որ շատերի մոտ կա կարծրատիպ, որ հայ գրողները, մեկ է, լավ գրականություն չեն ստեղծի: Տաբուներ կան, բայց ողբերգական չէ վիճակը: Պարզապես, երբ նույն անուններն են շրջանառվում, մարդիկ հոգնում են: Նոր, հետաքրքիր անուններ են պետք: Իհարկե, կան նաև մոդայի հետ կապված և այլ խնդիրներ»:
Իսկ «Անտարես» հրատարակչության 2015-ի ամենավաճառված գրքերի մոտավոր վիճակագրությունն այսպիսին է. ամենից շատ վաճառվել են` Ջորջ Օրուել («1984», «Անասնաֆերմա»), Պաուլո Կոելյո («Ալքիմիկոսը», «Աքրայում գտնված ձեռագիրը»), Էլֆրիդե Ելինեկ («Դաշնակահարուհին»), Մարկ Տվեն («Թոմ Սոյերի արկածները»), Օրհան Փամուք («Իմ անունը Կարմիր է»), Ալեքսանդր Դյումա-Կրտսեր («Կամելիազարդ տիկինը»), Վարուժան Ոսկանյան ( «Շշուկների մատյան»), Դանիել Դեֆո («Ռոբինզոն Կրուզո»), ՈՒմբերտո Էկո («Վարդի անունը»), Հերման Հեսսե («Տափաստանի գայլը»), Վահան Հովհաննիսյան («Մանդիլիոն»), Հովիկ Չարխչյան («Սուլամիթա. Սևակի մեծ սերը»), Լևոն Խեչոյան («Արշակ արքա, Դրաստամատ ներքինի») և այլն:
Եթե ամենավաճառված գրքերը 500, երբեմն 200 օրինակը չեն անցնում, չեն էլ հասնում, ապա «Փոքրիկ Իշխանը» աննախադեպ պահանջարկ է վայելում: Միայն 2015-ին վաճառվել է մոտ 1500 օրինակ:
Նշենք, որ «Անտարես» հրատարակչությունը 2016-ը հռչակել է «Քաղաքացու տարի» և հրատարակել է օրացույց` «Էլեկտրիկ Երևանի» նկարով: «2016-ին բոլորին մաղթում ենք քաղաքացիական բարձր գիտակցության տարի, որ անհրաժեշտ է այսօր մեր հասարակության բոլոր խավերին»,- իր խոսքը բարեմաղթանքով է եզրափակում Արքմենիկ Նիկողոսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ